«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է անդրադառնում արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտնի «մադրիդյան սկզբունքներին» և ընդգծում դրանք պարզաբանելու հարցը: Նման հայտարարությամբ նա առաջին անգամ հանդես էր եկել Ստեփանակերտում Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, իսկ ապրիլի 7-ին այդ մասին կրկին նշեց արդեն Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարում ելույթ ունենալիս:
«Անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել «մադրիդյան սկզբունքներ գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել, և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի և որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և, ընդհանրապես, ընդունելի են, թե ընդունելի չեն»:
Նշենք, որ «մադրիդյան սկզբունքները» Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվել են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, իսկ թարմացված տարբերակի մի մասն էլ հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին: Հիմնական սկզբունքների մեջ է մտնում, օրինակ, նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնումն Ադրբեջանին, ներքին տեղահանված փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը, միջանկյալ կարգավիճակ և այլն:
Սակայն շատ հետաքրքիր գործընթացներ են եղել մինչ «մադրիդյան» սկզբունքների հրապարակումը: Խոսքը վերաբերում է հատկապես այդ սկզբունքների շուրջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, դիրքորոշումներին և «Վիկիլիքսի» գաղտնազերծմանը:
Նախ՝ գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախագահը մշտապես բացասաբար է արտահայտվել «մադրիդյան սկզբունքների» մասին և երբեք չի թաքցրել այդ մասին:
Եվ հետաքրքիր է, որ շատ դեպքերում առաջին նախագահի խոսքերն այլ բան են ասում, գաղտնազերծված փաստաթղթերը՝ այլ: Նախ՝ նշենք, որ 2017 թվականի մարտի 22-ին հարցազրույց տալով «Օրակարգից դուրս» հաղորդաշարին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ծրագիր նա չի առաջարկել:
«Բոլոր առաջարկները, որ մինչև հիմա հնչել են, եղել են ոչ թե մեր առաջարկները կամ Ադրբեջանի կամ Ղարաբաղի, այլ միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված, կա մի կարգավորման պլան՝ այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որն արդեն բանակցվում է՝ 2007-ից սկսած»,- ասել է առաջին նախագահը, իսկ դեռևս 2007 թվականի վերջերին, երբ նա ակտիվացել էր և վերադարձել քաղաքականություն, առիթը բաց չէր թողնում քննադատելու այդ սկզբունքները:
Եվ ահա, «Վիկիլիքսի» հոդվածը, որը հրապարակվել է 2007 թվականի հոկտեմբեր 17-ին, պատմում է այն մասին, թե ինչպես առաջին նախագահը Մինսկի խմբի բանակցող Մեթյու Բրայզային փորձել էր փոխանցել իր դիտարկումները, սակայն գաղտնիությունը պահելու պայմանով:
«Նկատի ունենալով նախագահ Քոչարյանի առաջիկա հեռանալը պաշտոնից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է փաստաթուղթ կազմեն՝ ֆիքսելու բանակցությունների վիճակը: Նա չցանկացավ, որ սա արձանագրվի որպես իր գաղափար, սակայն հույս ուներ, որ Բրայզան սա մյուս համանախագահներին կներկայացնի որպես իր սեփական նախաձեռնություն»,- ասվում է հոդվածում:
Հոդվածում նշվում է, թե առաջին նախագահը նշել է, որ պետք է լինի որևէ ֆորմալ փաստաթուղթ, որը կարձանագրեր, թե ինչի էր հաջողվել հասնել ԼՂ բանակցություններում: «Նա գտնում էր, որ Մինսկի խմբի համանախագահների համար դա անելու լավագույն ճանապարհը գուցե այն էր, որ կազմեր ֆորմալ փաստաթուղթ, որը երկու կողմերին կառաջարկեր արդեն իսկ արդյունավետորեն համաձայնեցված, բոլոր տարրերը ընդգրկող լուծման ծրագիր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments