Հեղինակավոր The Washington Post պարբերականն ուշագրավ վերլուծություն է ներկայացրել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, մասնավորապես՝ խոշոր քաղաքներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության պարտության վերաբերյալ:
Հոդվածագիր Քարիմ Ֆահիմը հիշեցնում է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներն ընդդիմադիրներին են պարտվել մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն Ստամբուլ քաղաքում, որտեղ Էրդողանի քաղաքականությունը գերիշխող էր վերջին քառորդ դարում: Բացի այդ, նրանք պարտվել են Ադանայում, Իզմիրում և Անթալիայում:
«Թուրքիայի մի շարք խոշորագույն քաղաքներում երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության (Ժողովրդահանրապետական) թեկնածուների հաղթանակներն էական և խորհրդանշական պարտություն էին Էրդողանի համար. այսպիսով՝ նրա անպարտելիության մթնոլորտը չքանում է, և միևնույն ժամանակ ինքնավստահության նոր թափ է առնում այն ընդդիմադիր կուսակցությունը, որին Էրդողանը տասնամյակներ շարունակ հեշտորեն հաղթում էր»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ կայացած ընտրությունները շատերի կողմից դիտարկվել են որպես «Էրդողանի քաղաքականության հանրաքվե»:
Ֆահիմը հիշեցնում է, որ Էրդողանի թիմը վիճարկել է Ստամբուլի ընտրությունների արդյունքները, և եթե վերջնականապես հաստատվի, որ հաղթել է ընդդիմադիր թեկնածուն, ապա դա կլինի Էրդողանի համար ծանրագույն հարված:
Նա մանրամասնում է, որ Էրդողանը՝ որպես քաղաքական գործիչ, համազգային հռչակ է ձեռք բերել հենց Ստամբուլում՝ 1994-1998թթ. քաղաքապետ եղած տարիներին: Այդ ժամանակվանից ի վեր Ստամբուլը հարստության և հեղինակության աղբյուր է ծառայել Էրդողանի կուսակցության համար:
Այնուհետև Ֆահիմը մեջբերում է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր Սոլի Օզելի տեսակետը:
«Այդ թագավորությունը պատկանում էր ոչ թե «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, այլ միայն Էրդողանին, ուստի՝ հոգեբանորեն դա շատ մեծ կորուստ էր»,-նշել է մասնագետը:
Վերլուծաբանի կարծիքով՝ Էրդողանի կուսակցության պարտության հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն էին, ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկումը, գործազրկության բարձր մակարդակը:
«Մեծ քաղաքներում մարդիկ ավելի շատ բացության ձգտում ունեն: Եվ, բացի այդ, ինչպես երևում է, նախագահի հմայքը պակասել է»,-շարունակել է Օզելը, որի կարծիքով՝ ընտրությունների արդյունքները լուրջ հետևանքներ են ունենալու իսլամիստ Էրդողանի և նրա կուսակցության համար:
Օզելն ընդգծել է, որ երբ նախկինում նրա թիմակիցները հաղթում էին Անկարայում և Ստամբուլում, այդ «զույգ հաղթանակները» ստեղծում էին աջակցության ցանց, որի հիման վրա կուսակցությունը մեկը մյուսի հետևից հաղթում էր հաջորդ ընտրություններում: Մինչդեռ պարտությունը լուրջ հարված էր Էրդողանի՝ վերջին 25 տարում կառուցած ցանցի նկատմամբ:
Օզելը կանխատեսում է, որ թեև «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջը եկել է» պնդումները չափազանցված են, սակայն ակնհայտ է, որ կայացած ընտրություններից հետո Թուրքիայի քաղաքական ուրվագիծը կփոխվի:
Անդրադարձի վերջում ներկայացվում է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի՝ Թուրքիայի գծով փորձագետ Սոներ Չագափթայի տեսակետը, համաձայն որի՝ ընդդիմությունը ևս դասեր է քաղելու այս ընտրություններից:
«Նախկինում Էրդողանն օրհնված էր այնքանով, որ ընդդիմությունն իրենից ներկայացնում էր իրար ատող հուսահատ խմբեր: Սակայն այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ ինչ կարող է պատահել, եթե նրանք խելամիտ գտնվեն և միավորվեն»,-նշել է փորձագետը:
Էրդողանի անպարտելիության մթնոլորտը չքանում է
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներն ընդդիմադիրներին են պարտվել մայրաքաղաք Անկարայում
0Comments