Հայրենիքին նվիրվածության, անձնազոհության, ընկերասիրության, զինվորի մարտի դաշտում հույզերի ու ապրումների մասին պատմող «Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրաման ապրիլի 2-ին կբարձրանա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանն ասաց, որ հերոսը, որին մարմնավորում է ինքը, օպերատոր է, որը մեկնում է ռազմի դաշտ տեսանյութի համար: «Գտնվելով կռվող տղաների կողքին՝ նա հասկանում է, որ այն, ինչ ինքն էր պատկերացնում, բնավ կապ չունի այն ամենի հետ, ինչը տեղի է ունենում սահմանին: Արդյունքում նա նույնպես դառնում է զինվորներից մեկը՝ իրապես ընկալելով հայրենասիրություն, ուժ, հող, եկեղեցի, հարսանիք և այլ արժեքների իմաստը»,-նշեց դերասանը և հավելեց, որ հերոսը հայտնվում է մի իրավիճակում, որի շնորհիվ գիտակցում է իր ով լինելը:
Գրիգորյանը շեշտեց, որ ինքը ծառայել է Վայքում, գիտի, թե ինչ խնդիրների են բախվում զինվորները, թե ինչ բարդ ու դժվար կարող է լինել ծառայությունը: «Բանակում հնարավոր է մտերիմ ընկերներ ձեռք բերել: Իմ կնքահայրը բանակի ընկերս է»,-ասաց նա:
Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Հայկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Հաջինյանը:
Գրիգորյանի խոսքով՝ դերասանական խումբը հավաքվել է հատուկ այդ ներկայացման համար: «Լավ է, որ դերասանները տարբեր թատրոններից են. այդպես նրանք տարբեր մտածողություն են բերում, մեկ ուղղվածություն չէ միայն»,-ընդգծեց Գրիգորյանը: Անդրադառնալով բեմադրության մանրամասներին՝ դերասանն ասաց, որ բեմը հագեցած կլինի անհրաժեշտ դեկորացիաներով, պահանջվող լուսային ու ձայնային էֆեկտներով:
Նրա համոզմամբ, «Անմահների երկիրը» դիտելով՝ մենք ավելի շատ կսիրենք մեր երկիրը:
«Ներկայացումը հուզիչ է, զգացմունքային: Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել, բայց պետք է փաստեմ, որ դերասաններն էլ են հուզվում, և դրանք իրական ապրումներ են: Հնարավոր չէ լինել կեղծ ու խաբել: Ապրիլի երկուսն այն օրն է, երբ սկսվեց չարաբաստիկ Քառօրյա պատերազմը, որը շատ զինվորների կյանքեր խլեց: Այդ օրը դահլիճում ներկա կլինեն Քառօրյայի մասնակից տղաներ, զոհված զինվորների ծնողներ»,-շեշտեց Սարգիս Գրիգորյանը:
Խոսելով ներկայացման բեմադրիչ Դավիթ Հարությունյանի հետ համագործակցության մասին` դերասանն ասաց, որ նախընտրել է աշխատել հենց նրա հետ, քանի որ Հարությունյանը տաղանդավոր է ու կարողանում է պատասխանատու բեմադրությունները պատվով կյանքի կոչել: «Եթե բեմադրում ես մի գործ, որը կապ ունի բանակի հետ, զինվորների հետ ու սրտիդ մոտ է, իրավունք չունես սխալվելու: Դավիթը չի սխալվի»,-եզրափակեց Գրիգորյանը:
Պիեսի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, բեմադրող նկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը, իսկ կոմպոզիտորն Արման Էլբերտն է:
Անժելա Համբարձումյան
0Comments