Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը: «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) մարտի 29-ին տեղի կունենա Ռեմարկի հայտնի ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
Հրատարակչությունից հայտնում են. «Գրքում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները: Պատերազմի սկզբում գերմանական զորքը Ռուսաստանում մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր գրանցել՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին: Հետո ասես կախարդական ինչ-որ ուժով դերերը փոխվել էին: Մահ, սով, մինչև ոսկորները թափանցող ցուրտ ու մեծ արագությամբ նոսրացող շարքեր: Հենց այստեղ էլ վեպի գլխավոր հերոսը՝ քսաներեքամյա Էռնստ Գրեբերը, սկսում է այլ կերպ նայել կյանքին ու շուրջը կատարվող իրադարձություններին ու հասկանում է, որ հակառակ կողմում ևս կանգնած են ամենասովորական ցանկություններն ու երազանքներն ունեցող ամենասովորական մարդիկ, որոնց ևս տանը սպասողներ կան: Հայրենասիրական բուռն ճառերով իրենց համոզել էին, որ պետք է անողոք լինել թշնամու հանդեպ ու ամեն գնով պայքարել հանուն հայրենիքի: Իսկ թե ինչ էր պատահել, ով էր մեղավոր, և ով էր սկսել պատերազմը, միևնույն էր: Գրեբերն ու զինակից ընկերներն արդեն հասկանում էին, որ պատերազմը տանուլ են տվել, և պայքարը շարունակվում էր միայն հանուն նրա, որ մի քանի ստախոսներ, չարաշահողներ ու մոլեռանդներ կարողանային մի տարի ավելի իշխանության գլուխ մնալ: Գիտեին, բայց ոչինչ անել չէին կարող…»
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքերը: Հաջորդիվ լույս կտեսնեն Ռեմարկի մյուս գլուխգործոցները:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» կներկայացվի ընթերցողներին
Գրքում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները
0Comments