ԱՄՆ-ը մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգեւը, որը նշանակել է Սիրիայի նոր թուրքամետ ղեկավարի համար

Մանրամասներ
սիրիա

ԱՄՆ-ը մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգեւը, որը նշանակել է Սիրիայի նոր թուրքամետ ղեկավարի՝ Աբու Մոհամադ ալ-Ջոլանիի, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդի համար, որը գլխավորել է Ասադի տապալումը, տեղեկացրել է NBC News-ը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը ԱՄՆ դիվանագետները Դամասկոսում հանդիպել են ՀԹՇ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ջոլանին խոստացել է երաշխավորել, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար: Ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության այցը Սիրիայի մայրաքաղաք առաջին նման այցն էր երկրի նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։

Լիֆը, որը գլխավորում էր պատվիրակությունը, ժամանակավոր կառավարության հետ հանդիպումները բնութագրեց որպես «բավական լավ, շատ արդյունավետ» եւ «մանրամասն»՝ ընդգրկելով հարցերի լայն շրջանակ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Լիֆն ասել է, որ Ջոլանիին «պրագմատիկ» է համարել:

«Մենք արդեն վաղուց լսում ենք դա, շատ պրագմատիկ եւ չափավոր հայտարարություններ՝ կանանց իրավունքներից մինչեւ բոլոր համայնքների հավասար իրավունքների եւ այլնի վերաբերյալ հարցեր»,- ասել է Լիֆը լրագրողներին:- Կրկնում եմ՝ մենք գործով ենք դատելու, ոչ թե խոսքերով։ Գործողությունները ամենագլխավորն են»:

Ամերիկացի դիվանագետները նաեւ ընդգծել են, որ Բայդենի վարչակազմը շարունակում է կենտրոնանալ Սիրիայում կալանավորված կամ անհետ կորած ամերիկացիների, այդ թվում՝ Օսթին Թայսի եւ Մաջդ Քամալմազի ճակատագրի պարզաբանման վրա։ Պատվիրակության կազմում էր նաեւ Ռոջեր Քարսթենսը՝ պատանդների գործերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը, որը 2020թ. մեկնել էր Դամասկոս՝ Թայսի վերաբերյալ գաղտնի բանակցությունների համար Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ։ Քարսթենսի խոսքով՝ ներկայում առկա տեղեկատվությունը չի հաստատում, թե արդյոք 12 տարի առաջ Սիրիայում առեւանգված ամերիկացի լրագրող Թայսը դեռ ողջ է։

«Կարող եմ ասել հետեւյալը. Միացյալ Նահանգների նախագահը վերջերս ասել է, որ կարծում է, որ Օսթինը ողջ է, եւ մեր պարտքն է շարունակել գտնել հնարավոր բոլոր տեղեկությունները՝ վստահաբար հասկանալու համար, թե ինչ է պատահել նրա հետ, որտեղ նա է, եւ բերենք նրան տուն»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Քարսթենսը: