Ամբողջական սահմանազատումից հետո ՀՀ-Ադրբեջան սահմանին 3-րդ ուժի ներկայության կարիք չի լինի. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

-Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, եւ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը: Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում: 

-Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել: Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով:

-Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը կրկին առաջ է քաշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը, կրկին պնդելով թե մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի: 

-Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ եւ կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետեւ պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որեւէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել եւ մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ:

-Դուք ասել էիք, որ Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից: 

-Այո, եւ այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել:

-Նկատի ունեք, որ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների պատճառով պետք է ոչ թե չստորագրել խաղաղության պայմանագիրը, այլ պայմանագրի ստորագրումը կփարատի՞ նաեւ այդ մտահոգությունները: 

-Միանշանակ: Եվ եթե հարցին մոտենանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից,  մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեեւ 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, եւ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի եւ Սահմանադրության որոշ դրույթների միջեւ: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ եւ տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաեւ Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։