Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ադրբեջանում դատարանը երկարաձգել էր Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների կալանքի ժամկետը:
Նշվում է, որ գործը վերաբերում է «Ադրբեջանի դեմ իրականացված անօրինական գործողություններին»՝ «Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի համակողմանի աջակցությամբ»:
Ավելին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պետական մարմիններին հրավիրել է «համագործակցել» այդ գործի շրջանակում։
«Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, առաջնորդվելով նրանով, որ նշված դրվագներով կասկածվող բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, հրավիրում է Հայաստանի համապատասխան մարմիններին համագործակցության», - ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
0Comments