ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնում է, որ տարբեր անձինք նամակագրություններով իր դեմ ճնշումներ են գործադրել։ Այս մասին Աղազարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Նշենք՝ դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղզարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսն ուսումնասիրելուց հետո բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետի մոտ, չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
«Թող գան, նայեն իմ այն նամակագրությունները, որտեղ ինձ վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի պատերազմից հետո (նկատի ունի 44-օրյա պատերազմը, – խմբ․) դուրս գամ թիմից, հետո էլ վարչապետի դեմ։ Թող նայեն, թե ես ինչ պատասխաններ եմ տվել»,- նշեց Աղազարյանը։
Հարցին, թե ում կողմից են եղել ճնշումները՝ պատգամավորը կոշտ արձագանքեց․ «ի՞նչ կարևոր է, սև շան կողմից են եղել»։
Աղազարյանը նեղսրտած է, որ իր այդ բովանդակությամբ նամակները վարչապետին ցույց չեն տվել, որպեսզի վերջինն էլ գովաբանի իրեն։
«Թող գան և նայեն, տեսնեն, որ Հովիկ Աղազարյանը հասկացել է՝ իր դիմաց ագենտ է ու մաման լացացրել է»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Հաջորդ օրն ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև խմբակցությունից։
0Comments