Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի

Մանրամասներ
անվադող

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե

✔️ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

✔️ սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,

✔️ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ: 

Քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ 

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուն ընդառաջ ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։

Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից: