«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Առկա է Սյունիքի վրա կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկողության կորստի վտանգը։ Թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը՝ մասնատել Հայաստանը, նույնն է նաև այսօր։ Այդ առումով թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներում բան չի փոխվել։ Տարածաշրջանը եռում է։ Փոթորկալից է իրավիճակն Իրանի, Լիբանանի շուրջ։
- Տարածաշրջանում գազային ծրագրերի փոփոխություն կա։ Դա, կարծում եմ, Ռուսաստանի և Իրանի հաղթանակն է ու Թուրքիայի և Ադրբեջանի պարտությունը։
- Երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը ու կձևավորի կաբինետ, նրա վարած կադրային քաղաքականությունն ավելի հստակ կընդգծվի։ Արդեն իսկ ուրվագծվում է Թրամփի ամերիկակենտրոն կոշտ քաղաքականությունը։ ԱՄՆ-ը մի շարք մեծ սակարկություններ կառաջարկի Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին։ Թրամփը նաև որոշակի ջանքեր կուղղորդի գլոբալ հարավի ռազմավարական ջանքերին։
- Հայաստանը հիմնականում հետևում էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նարատիվներին՝ բացարձակապես աչքաթող անելով Հանրապետական և Կոնսերվատիվ կուսակցություններին։ Դա ռազմավարական սխալ էր։ Հիմա լեղապատառ փորձում ենք կապեր գտնել Հանրապետականների դաշտում։
- ԱՄՆ այս ընտրություններում հայկական Սփյուռքի համար բացասական արդյունք գրանցվեց։ Ցավոք, հայկական սփյուռքը կորցրեց իր արժեքը, որովհետև տասնամյակներ շարունակ իր հարաբերությունները կառուցում էր միայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, փոխանակ դա աներ 2 կողմի հետ։ Մենք ընկանք այդ ծուղակը, բայց մենք միակը չենք։ Այդ ծուղակում են նաև Վրաստանը, Իրանը, Գերմանիան, ողջ Եվրոպան։
- Գալիք տարվա ընթացքում գերակշռող կլինեն կոնսերվատիվ մոտեցումները։ Միարժեքորեն կխրախուսվեն ազգային արժեքները։ Թրամփի հիմնական կարգախոսն էր՝ ԱՄՆ-ը նորից դարձնել աշխարհի մեծագույն երկիր։ Մենք կտեսնենք ավելի հավասարակշռված ու փորձառու նախագահ Թրամփ, ով կարժևորի ազգային թե՛ տնտեսական, թե՛ գիտատեխնիկական, թե՛ մշակութային սուվերենությունը։
- Եթե կայանա «Մեծ Յալթայի» պայմանագրի կնքումը, ուրվագծվեն փոխընդունելի պայմանները, կհանվեն սանկցիաները թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի վրայից։
- Նոր ատոմային բլոկի կառուցումն առաջին առաջնահերթությունն է․եթե չլինի, Հայաստանի ապագան բավականին մշուշոտ կլինի։ Երկրորդ առաջնահերթությունը Մեղրիի ՀԷԿ-երի կառուցումն է, երրորդը՝ Որոտան գետի հոսքերի կառավարումը։ Չորրորդ առաջնահերթությունը հիդրոակումուլյացիոն կայանի կառուցումն է։ Տարածաշրջանում իրավիճակն այնքան սրընթաց է փոխվում, որ Գյուլնազ տատի հեքիաթների համար ժամանակ չի մնացել։ Այլևս ժամանակ չկա․ ով սխալվեց՝ կսխալվի առհավետ։
- ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ‘Բրայենի և Արևմուտքից այլ գործիչների նշած՝ Միջինասիական հանրապետությունների հարստությունը դեպի Եվրոպա բերելու ծրագիրն առկա էր դեռ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներից ու օրակարգ բերվեց Քլինթոնի նախագահության ժամանակ։ Այստեղ աշխարհաքաղաքական նորություն չկա։ Դա միշտ էլ եղել է նրանց փորացավը, որպեսզի այդ կերպ կարողանային ճնշել Ռուսաստանին։ Սա Դեմոկրատական կուսակցության կադենցիան է։ ԱՄՆ-ում Հանրապետականների մոտ այդ հարցում մոտեցումը տարբերվում է։
- Թրամփը լինելով բիզնեսմեն և ձեռքերն ազատ քաղաքական գործիչ, կարող է չկենտրոնանալ «Դոստլուգի» և թուրքմենական գազի վրա ու ասել, որ այլ տարբերակներ էլ կան գազը Եվրոպա հասցնելու համար, օրինակ՝ ամերիկյան խտացված գազը։
0Comments