Դեպի Հայաստան 36 ժամով դադարեցվել է բնական գազի մատակարարումը

Մանրամասներ
գազամուղ

Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

««Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` ներքին պաշարների և ԻԻՀ–ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։