Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որպեսզի թուրքմենական գազն Իրանից հասցվի Հայաստան։ Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություն են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։
Գազի գնման հետ կապված մի քանի փուլից բաղկացած բանակցություններ են տեղի ունեցել։
«Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան–Հայաստան սահման»,– ասել է Թումանյանը։
Նա հավելել է` ծրագրի կարևոր, հանգուցային մասնակիցներից մեկն Իրանն է, դրա համար բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ։ Դրա արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։ Վարչապետի խորհրդականը շեշտել է, որ ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ ծավալով գազի ձեռքբերում։
Թումանյանը նշել է, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են։
Նրա խոսքով՝ այդ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքով դեպի Վրաստան թուրքմենական գազի արտահանմանը՝ նույն SWOP համակարգի միջոցով։ Թումանյանի բնորոշմամբ՝ այս հարցի շուրջ վրացական կողմը ևս տվել է դրական արձագանք։
«Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,– ասել է Արտաշես Թումանյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքմենական բանակցությունների երկրորդ ծրագիրը վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնմանը, որը դրական արձագանք է ստացել Աշխաբադի կողմից։ Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը Հայաստանն ընդունելի է համարում, սակայն դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտնվել։
Անդրադարձ է եղել նաև Թուրքմենստանի նավթագազային համալիրի տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան և այլ ուղղություններով ձեռքբերման և մատակարարման հնարավորություններին։ Թումանյանն այս մասով վստահեցրել է` այստեղ գնդակը Հայաստանի դաշտում է ու պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովվի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում։
0Comments