ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով ընտրվել է նախագահի պաշտոնում, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից։ Բացի շնորհավորական ուղերձներից, որոշ ղեկավարներ նաև հեռախոսազրույցներ են ունեցել Թրամփի հետ։
Կանադայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների միջև «հաջող գործընկերությունը», ինչպես նաև առևտրի և անվտանգության հարցեր։Դոնալդ Թրամփին զանգահարել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ըստ CNN-ի՝ երկու առաջնորդները «համաձայնել են սերտ երկխոսություն պահպանել և զարգացնել համագործակցությունը»։
Ավելի վաղ Զելենսկին շնորհավորական ուղերձ էր հղել Թրամփին հաղթանակի առթիվ։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի հետ քննարկել է պատերազմն Ուկրաինայում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում։ Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնն ընդգծել է Եվրոպայի հետ աշխատելու կարևորությունը՝ ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելով նրան և ընդգծելով իրենց երկրների ամուր դաշինքները ԱՄՆ-ի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են հակամարտությունները Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահի հետ, որից հետո X-ում գրել է, որ իրենք «մեծ ծրագրեր ունեն ապագայի համար»։ Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան լրագրողներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ամերիկա-ճապոնական դաշինքի ամրապնդումը «տարբեր տեսանկյուններից»:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հեռախոսազրույցում շնորհավորել է Թրամփին։ Ըստ երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի՝ նրանք քննարկել են երկու երկրների և Ճապոնիայի եռակողմ համագործակցությունը, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշինքն անվտանգության և տնտեսական ոլորտներում առաջ մղելու ձգտումը, ինչպես նաև Ուկրաինայում Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայման հետ կապված մտահոգությունները։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը նույնպես զրուցել է Դոնլադ Թրամփի հետ՝ շնորհավորելով նրան և ընդգծելով երկու երկրների միջև պատմական հարաբերությունները։
Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
0Comments