ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ COVID-19-ի հարուցիչը առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
520-էջանոց զեկույցը պատրաստելու համար պահանջվել է 2 տարի։ Ըստ վերջնական զեկույցի՝ կորոնավիրուսն, «ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում»։ Լաբորատոր ծագման տեսությունը հիմնավորելու համար զեկույցում նշվում է, որ ըստ ենթահանձնաժողովի՝ վիրուսն ունի կենսաբանական բնութագրեր, որոնք բնության մեջ չեն լինում։«Գրեթե բոլոր գիտական չափանիշներով, եթե գոյություն ունենային բնական ծագման ապացույցներ, ապա դրանք արդեն հայտնված կլինեին», – ասվում է փաստաթղթում։
Զեկույցում նաև նշվում է, որ Ուհանում գտնվում է Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան՝ SARS-ի (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) դեմ պայքարելու համար: Լաբորատորիան, ըստ զեկույցի, «ֆունկցիաների ուժեղացման ուսումնասիրություններ անցկացնելու փորձ ունի՝ կենսաանվտանգության անբավարար մակարդակի պայմաններում»։
Բացի այդ, նշվում է, որ լաբորատորիայի հետազոտողները վարակվել են SARS-CoV-2-ի նման վիրուսով 2019 թվականի աշնանը՝ սննդամթերքի շուկայում վիրուսի հայտնաբերումից ամիսներ առաջ:
Կորոնավիրուսի համավարակի բռնկման սկզբում վիրուսի ծագումը կապվում էր Չինաստանի շուկաների հետ, որտեղ վաճառում են միս, ձուկ և էկզոտիկ կենդանիներ՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահպանելով։ Ըստ Worldometers կայքի տվյալների, որը հետևում է նաև կորոնավիրուսի վիճակագրությանը, հիվանդությունը մինչ օրս ավելի քան 7 միլիոն մարդու կյանք է խլել:
0Comments