ԱՄՆ դեսպանատան գործողությունները լիովին զավեշտալի տեսք են ստացել․ Կոբախիձե

Մանրամասներ
Իրակլի Կոբախիձե

«ԱՄՆ դեսպանատան կոնկրետ գործողությունները լիովին զավեշտալի տեսք են ստացել»,- ասում է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է SOVA-ն։

Արդեն մի քանի օր է, ինչ ԱՄՆ դեսպանատունը Facebook սոցիալական ցանցում հրապարակում է գրառումներ՝ ի պատասխան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին վարչապետի հայտարարությունների։ Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դեսպանատունը հրապարակել էր «ուրիշներին մի մեղադրեք» գրառումը։ Ինչին Վրաստանի վարչապետը պատասխանել է.

«Տեսնում եք, որ ԱՄՆ-ում բոլորը սպասում են նախագահի երդմնակալությանը, իսկ մինչ այդ, ցավոք, բացահայտ փորձ է արվում մեր երկրում հնարավորինս ծանր ժառանգություն թողնել ներկայիս վարչակազմից նոր վարչակազմին։ Իհարկե, այս ազդեցության տակ են և՛ ներկայիս դեսպանատունը, և՛ դեսպանի պաշտոնակատարը։

Դարձյալ մեր ներկայիս դեսպանի հետ անձնական ոչինչ չունենք, նա արտակարգ կին է, բայց, ցավոք, չի կարող դիմակայել գործող վարչակազմի կողմից արտահայտվող ազդեցությանը։ Մենք իսկապես հույս ունենք, որ հունվարի 20-ից հետո տիկին դեսպանը նույնպես կազատվի այդ ազդեցությունից։

Ինչպես տեսնում եք, դեսպանատան կոնկրետ գործողությունները լիովին զավեշտալի ​տեսք են ստացել։ Նրանք «քարտեր» են հրապարակում դեսպանատան կայքում։ Այդ պատճառով Ռոբին Դաննիգանին կատակով անվանել են Ռոբին «Կարդիգան»։ Սա, իհարկե, կատակ է։ Սա անվնաս կատակ է, որը հիմնված է այն փաստի վրա, որ «կարդիգան» բառը վրացերեն նշանակում է բաճկոն:

Այս ամենն, իհարկե, Վիեննայի կոնվենցիայի խախտում է։ Այդ «քարտերը» ժամանակին օգտագործվում էին ընտրություններին միջամտելու, ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, իսկ այժմ օգտագործվում են այլ գործընթացները հեշտացնելու համար։ Ամենավատն այն է, որ այդ «քարտերը» ստեղծվում են շարունակվող սիստեմատիկ դաժան բռնությունների ֆոնին, և, բնականաբար, այդ «քարտերը» նույնպես կընկալվեն որպես բռնության կանաչ լույս։

Հուսով եմ, որ հունվարի 20-ից դեսպանը և ողջ դեսպանատունը կազատվեն այն ազդեցությունից, որը տանում է դեսպանատան գործունեությունը սխալ ուղղությամբ»,- ասել է Կոբախիձեն։