Բացառում եմ Հայաստանի կողմից որևէ գործողություն՝ ուղղված տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

«Այդ հրապարակումների հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ հենց ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ մեզ և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հարցին այն մասին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական մամուլում տարածվող այն կեղծ լուրերն այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմի է պատրաստվում։

Ես բացառում եմ Հայաստանի կողմից որևէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։ Մեր երկրի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է, բայց մենք հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա և չի լինելու»,–հավելեց Փաշինյանը։