Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակին մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել

Մանրամասներ
Արարատ Միրզոյան


 

«3+3»-ը տարածաշրջանային խորհրդակցական հարթակ է եւ մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ մենք  կարեւորում ենք հարեւանների հետ հարաբերությունները, իրավիճակը մեր տարածաշրջանում եւ մենք ձգտում ենք զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, որոնց  հետ ունենք հարաբերություններ եւ կարգավորել հարաբերությունները այն հարեւանների հետ, որոնց հետ չունենք այդ հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք առաջին պահից էլ մասնակցել ենք «3+3» հարթակին եւ կշարունակենք մասնակցել:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ուզում եմ ասել, որ այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ սեղանին, եւ եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել: Որովհետեւ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձեւաչափը, ընդ որում բոլոր ուղղություններով, եւ սահմանազատման, եւ խաղաղության պայմանագրի շուրջ:

Այլ բան, որ ինչպես բոլոր բազմակողմ ձեւաչափերում տարբեր երկրներ օգտագործում են այդ առիթը միաժամանակ մի տեղ լինելու եւ  երկկողմ հանդիպումներ եւս ունենում են: Այս անգամ մենք էլ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բացառություն չէինք: Մենք ունեցանք բանակցությունների հերթական փուլը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել, մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքումը»,- հայտարարեց ԱԳ նախարարը: