Ձեւավորվում է մեկ գործոն, որը կոչվում է «Ալիեւի համբերություն»․ Մենք խաղում ենք դրա հետ

Մանրամասներ
պուտին նիկոլ ալիև

Պաշտոնական աղբյուրներից պարզ է դառնում, որ կա լուրջ խնդիր՝ կապված Սյունիքով կամունիկացիաների բացման հետ և Հայաստանն այս պահին իրեն պահում է բավական դեստրուկտիվ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Դեստրուկցիան այն չէ, որ չի համաձայնում ճնշումներին, այլ այն է, որ Հայաստանը չի ձեւակերպում իր հաշվարկված, գրագետ լուծումների տարբերակները, որը կփորձի միջազգային ասպարեզում առաջ տանել և դրանով ձեռք բերել դաշնակիցներ: Սա մի խնդիր է, որը մենք առանց արտաքին աջակցության չենք լուծելու, պետք չէ զբաղվել երեսպաշտությամբ: Պատերազմից հետո մենք չունենք այդ կշիռը և հնարավորությունները՝ ինքնուրույն լուծել այնպես, ինչպես մեզ ձեռք է տալիս: Ադրբեջանը գրեթե ունի այդ ռեսուրսը:

Մենք հիմա պետք է հաշվարկենք մեր հնարավոր մաքսիմալ կոմպրոմիսի կարմիր գիծը, մեզ ձեռնտու տարբերակները, փորձենք համադրել եւ գտնել աջակիցներ: Այ սա մենք չենք անում:

Մենք մեզ նեղացած անչափահասի նման ենք պահում՝ բոլորին մերժելով, եւ արդյունքում ստացվում է պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, որի մեղավորը մենք ենք: Ձեւավորվում է մեկ գործոն, որը կոչվում է «Ալիեւի համբերություն»: մենք խաղում ենք դրա հետ»,-ասաց նա:

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մի անգամ մենք խաղացել ենք մինչեւ պատերազմը մեր չհիմնավորված, ագրեսիվ ու դեստրուկտիվ հռետորաբանությամբ. «Նույնը հիմա ենք անում. Գալու է մի վիճակ, երբ տարածաշրջանի երկրներն ու խոշոր խաղացողները առանց մեզ որոշելու են լուծել այդ խնդիրը: Քանի որ համարելու են, որ այս փոքր երկիրն իր դեստրուկտիվ վարքով, չի ձեւակերպում իր շահը, չի հասկանում իրականությունը, այդ խնդիրը լուծելու են առանց մեզ հաշվի առնելու: Երեկ մոսկվայում տեղի ունեցածը այդ բազմասերիանոց ֆիլմի հերթական սերիաներից մեկն էր, որտեղ Հայաստանն իր «խաղաղության խաչմերուկի» շարադրությամբ, որը ոչ մեկին չի հետաքրքրում: Առնվազն երկու կարեւորագույն պետություններ մերժել են դա՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Նրանք ասում են՝ դա սիրուն մտքեր են, բայց դա կոնֆլիկտի բուն է, ոչ թե խաղաղության բուն»: