«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հայտարարեց, որ ընդունում է Ալիեւի հերթական նախապայմանը եւ պատրաստ է փոխել նաեւ ՀՀ սահմանադրությունը, միայն թե Ադրբեջանի նախագահը ստորագրի փաստաթուղթը, որը նա անվանում է խաղաղության պայմանագիր, բայց դա խաղաղություն բերող փաստաթուղթ չի լինելու, այլ Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան։ «Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը (թեեւ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»:
Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, նախ, կանխակալ կարծիք հայտնեց՝ ի սկզբանե ուղղորդելով իր սրտի ՍԴ-ին, թե ինչ դիրքորոշում պետք է հայտնել, երբ պահը գա, նաեւ, ըստ էության, իր մտքում եղած ինչ-որ հակաօրինական սցենար նկարագրեց, ապա հավաստիացնող ուղերձ հղեց Իլհամ Ալիեւին, որ պատրաստ է նրա հերթական նախապայմանը կատարել։
«Հրապարակ»-ը ՄԻԵԴ եւ ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին, որի ՍԴ լիազորությունները դադարեցված են, խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը։ Տիկին Գյուլումյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասով, որ զուտ իրավական տեսանկյունից Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե ներքին օրենսդրությունը հակասում է միջազգային պայմանագրին, ապա գործում է միջազգային պայմանագիրը, իսկ Սահմանադրությանը համապատասխանության հետ կապված՝ այդ պայմանագիրը պետք է անցնի նախնական սահմանադրական վերահսկողություն։ «Եթե նախնական սահմանադրական վերահսկողության ժամանակ ՍԴ-ն գտնի, որ այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները հակասում են Սահմանադրությանը, այստեղ կա՛մ պայմանագիրը պետք է փոփոխվի՝ նոր բանակցություններ, կա՛մ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Իրավական տեսանկյունից այսպես է, բայց այլ հարց է, թե ինչ փոփոխություն նկատի ունի, եւ ինչ ձեւով է դա արվելու»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հնչեցրած կարծիքին, թե հավանական չէ, որ Սահմանադրական դատարանն Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության պայմանագիրը ՀՀ սահմանադրությանը հակասող կճանաչի, ՍԴ նախկին դատավորն ասաց․ «Ես չգիտեմ, թե նա ինչու է հավանական համարում, որ ՍԴ-ն չի գտնի այն հակասահմանադրական։ Դա երկու դեպքում կարող է լինել՝ մի դեպքում, եթե ինքը սահմանադրագետ է եւ համոզված է, որ այդտեղ հակասություն չկա, եւ մյուս դեպքում, եթե ինքը գիտի, որ ՍԴ-ն իր ուղղորդումով պետք է գործի, հետեւաբար, այդպես չի անի։ Նա իրավունք չունի այդպես ասելու, որովհետեւ քաղաքական իշխանությունը չի կարող կանխորոշել դատարանի որոշումը, որովհետեւ այդ արտահայտությունը կարող է դիտարկվել որպես դատարանին ուղղորդել»։
Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք՝ արդեն այսօր, նկատի առնելով Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, կարո՞ղ ենք միանշանակ ասել, որ Սահմանադրական դատարանի դեմ դեռ 2019 թվականից սկսած գրոհը, այն զավթելու եւ յուրայիններով համալրելու գործընթացը, որը հաջողությամբ իրականացրեց քաղաքական իշխանությունը, հենց այս հեռահար նպատակն էին հետապնդում։ «Երեւի, երեւի։ Ժամանակին մենք ասում էինք այդ մասին, որ իրենց պետք է Սահմանադրական դատարան, որը պետք է ունենա այն մեծամասնությունը, որը կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են քաղաքական մեծամասնությանը»,-արձագանքեց Ալվինա Գյուլումյանը։
ՀԳ․ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 22-ին ՔՊ-ական ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով Հրայր Թովմասյանը դադարեց պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց մնաց ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը, ուղարկվեցին թոշակի։ Նույն թվականի հունիսի 24-ին այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ կանոնակարգ օրենքում արված փոփոխությունը, որով ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը հնարավորություն ստացավ խորհրդարանով ընդունված սահմանադրական փոփոխությունները, առանց նախագահի ստորագրության, ընդունված համարել։ Այս ամենի արդյունքում ՍԴ կազմը համալրվեց իշխանամերձ ու իշխանությանը լոյալ դատավորներով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments