«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վաճառքի է հանել իրեն սեփականությամբ պատկանող Marriott Tsaghkadzor հյուրանոցային համալիրը։ Այդ մասին, ըստ lurer.com-ի, տեղեկացնում է «Ազդարար» հարթակը, որտեղ աճուրդների մասին հրապարակային հայտարարություններն են տեղադրվում։ Հյուրանոցի վաճառքի փաստը հաստատեցին «Գազպրոմ Արմենիա»-ում։
Marriott-ը Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից է, ինչպես նշված է աճուրդի հայտարարությունում։ Marriott Tsaghkadzor-ը «ունի հինգ աստղանի կարգավիճակ և միակ նմանատիպ հյուրանոցն է հանգստավայրում», որ կառավարվում է Marriott միջազգային ցանցի կողմից։ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից այն վերակառուցվել է 2012-ին՝ «Հայռուսգազարդ»-ին պատկանող «Ադիգազ» հանգստյան տան հիման վրա։ Հյուրանոցի վերակառուցման ներդրումային ծրագիրը կազմել էր 32 մլն դոլար, շինարարությունը տևել երեք տարի։ Հյուրանոցային համալիրը ներառում է մոտ 3 հա տարածք։ Բացի հյուրանոցի տարածքից ու քոթեջներից՝ համալիրը ներառում է խաղատուն, թենիսի, բասկետբոլի խաղադաշտեր, լողավազան, SPA կենտրոն։ Ընդհանուր առմամբ, հյուրանոցային համալիրն ունի 100 համար՝ ներառյալ քոթեջների համարները։
«Գազպրոմ Արմենիա»-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ ինչու են որոշել վաճառքի հանել այս հյուրանոցը։ Ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են, որ «Գազպրոմ Արմենիան» «պարբերաբար վաճառում է լիցենզավորված գործունեության չմասնակցող իր ոչ պրոֆիլային ակտիվները»։ Ընկերությունից նաև հետաքրքրվել էինք՝ հյուրանոցային համալիրն արդյոք ունի վարկային էական ծանրաբեռնվածություն, և արդյոք դա է պատճառը, որ հյուրանոցը վաճառվում է։ «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնել են, որ 2023-ի օգոստոսի 29-ից իրենք որևէ վարկային պարտավորություն չունեն։
Աճուրդի հայտարարությունից պարզ է դառնում, որ հյուրանոցային համալիրը գույքով ներառյալ վաճառվում է 10,1 մլրդ դրամով՝ ավելի քան 26 մլն դոլարով։ Հյուրանոցն օտարվելու է աճուրդային եղանակով։ Առաջին աճուրդն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին։ Ընկերությունն աճուրդի մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել՝ մինչև աճուրդի արդյունքների ամփոփումը։
0Comments