Իսրայելական կողմը հրահանգել է տարհանել մարդկանց Գազայի հումանիտար գոտուց

Մանրամասներ
Գազա Իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) քաղաքացիական անձանց կարգադրել է ժամանակավորապես հեռանալ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հումանիտար գոտու մի մասից՝ դա պատճառաբանելով պաղեստինցի զինված խմբավորումների դեմ նախատեսվող ռազմական գործողությամբ։

ԻՊԲ-ն հայտարարության մեջ նշել է, որ հումանիտար գոտում մնալը վտանգավոր է «ահաբեկչական զգալի ակտիվության և Իսրայել պետության ուղղությամբ հրթիռակոծությունների» պատճառով։

Բնակիչներին կոչ է արվում ուղղվել դեպի «հարմարեցված» ալ Մավասիի հումանիտար գոտի։

Պաղեստինցիները նշել են, որ այս հայտարարությանը հաջորդել են իսրայելական օդուժի և հրետանու հարվածները անկլավի Խան Յունիս քաղաքի մերձակայքում։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 14 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են, 4-ը՝ կանայք։

Գազայի հատվածի՝ մեծությամբ երկրորդ Խան Յունիս քաղաքի մեծ մասը ոչնչացվել էր այս տարի ավելի վաղ Իսրայելի իրականացրած հարձակման ընթացքում, սակայն մայիսին Ռաֆահում ԻՊԲ-ի գործողությունների մեկնարկից հետո շատերը վերադարձել էին Խան Յունիս։

Հուլիսի սկզբին տասնյակ հազարավոր մարդիկ կրկին տեղահանվեցին, երբ ԻՊԲ-ն տարհանման նոր հրահանգ տվեց Խան Յունիսի արևելքի և մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Նրանց հրահանգվել էր գնալ հումանիտար գոտի, որը ձգվում է ալ Մավասիից մինչև Դեյր ալ Բալահ քաղաք՝ չնայած ՄԱԿ-ի նախազգուշացումներին, որ հումանիտար գոտին գերծանրաբեռնված է։

BBC-ն հիշեցնում է, որ Իսրայելը հումանիտար գոտու վրա վերջին երկու շաբաթներին մի քանի հարձակում է իրականացրել՝ նշելով, որ այնտեղ գործում են պաղեստինցի զինյալներ։ Հուլիսի 13-ին Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել էին, որ ավելի քան 90 մարդ է զոհվել ալ Մավասիի վրա իսրայելական հարձակման հետևանքով, որի թիրախում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի ղեկավարը։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, հասել է գրեթե 39 000-ի։