«3+3» ձևաչափով նոր հանդիպման օրը որոշված է. Հայաստանում Իրանի դեսպան

Մանրամասներ
իրան դեսպան

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի նոր հանդիպման օրը որոշված է։

«Sputnik Արմենիայի» հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայանալու է արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպման վայրն այս անգամ լինելու է Թուրքիան։ 3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։

Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։

Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։