Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած երկօրյա այցն ամփոփող տեսանյութ է տարածել, որտեղ մատնանշել է այն ոլորտները, որոնցում օրեցօր ավելի ու ավելի են զարգանում հայ-ամերիկյան հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամանթա Փաուերը նշել է «Ինչու էի այցելել Հայաստան նախորդ շաբաթ» վերնագրով տեսանյութում, որտեղ ամփոփելով Հայաստան կատարած երկօրյա այցը՝ շեշտել է, որ այդ ընթացքում հանդիպել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ գործարարների, երիտասարդների, լրագրողների, Կառավարության պաշտոնյաների՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հայերի հետ խոսելիս` շատ պարզ է դառնում, որ այս պահին ուշադրությունը կենտրոնացված է դիմակայունության ձևավորման վրա․ դիմակայունության ձևավորում պարենային անվտանգության ոլորտում, դիմակայունության ձևավորում, երբ խոսքը վերաբերում է կլիմայական ցնցումներին, և, իհարկե, դիմակայունություն էներգետիկայի ոլորտում, որպեսզի երկիրն էներգիա ստանա ավելի դիվերսիֆիկացված մատակարարներից:
ԱՄՆ ՄԶԳ-ի համար իսկապես պատիվ է աջակցել այս ոլորտներից յուրաքանչյուրի ուղղությամբ գործադրվող ջանքերին: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ: Եվ այդ պատճառով, մենք արել ենք մի շարք նոր հայտարարություններ՝ ներառյալ պետություն-մասնավոր հատվածի նոր համագործակցությունը, որը ժամանակակից և ամուր գործընկերության օրինակ է և որն օրեցօր ավելի է ամրապնդվում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև», - նշել է Սամանթա Փաուերն իր տեսաուղերձի մեջ:
0Comments