Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ոչ մեծ առավելություն ունի փոխնախագահ Քամալա Հարիսի հանդեպ ընտրողների թվաքանակով, որոնք ժամանակից շուտ են քվեարկում այսպես կոչված տատանվող նահանգներում, տեղեկացրել է The Hill –ը։
Հարվարդի ամերիկյան քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Harvard CAPS/Harris) հարցումը ցույց է տվել, որ ընտրողների 48 տոկոսը, որոնք ժամանակից շուտ քվեարկելու են կարեւոր նահանգներում, թեկնածու են ընտրել Թրամփին։
Միեւնույն ժամանակ, 47 տոկոսը պաշտպանել է նրա մրցակցին՝ դեմոկրատ Հարիսին, եւս 5 տոկոսը հայտնել է, որ ընտրել է այլ տարբերակ կամ դեռ չի քվեարկել։
Հարցումը վկայում է, որ տատանվող նահանգների բոլոր ընտրողների 48 տոկոսը աջակցել է Թրամփին Հարիսի 46 տոկոսի դիմաց։
Այնուամենայնիվ, փոխնախագահն առաջ է անցել 8 տոկոսով նրանց շրջանում, ովքեր մասնակցում են վաղաժամ ընտրություններին ողջ երկրում՝ ստանալով 51 տոկոս ձայն Թրամփի 43-ի դիմաց։
Ընդհանուր առմամբ, ընտրողների 45 տոկոսը հայտնել է, որ վաղաժամ է քվեարկելու, եւս 50 տոկոսը նախատեսում է քվեարկել հենց ընտրությունների օրը՝ նոյեմբերի 5-ին։
Բացի այդ, հարցումները ցույց են տվել, որ Սպիտակ տանն աթոռի համար պայքարում մրցակիցները գրեթե հավասար մրցակցում են Միչիգանում, Վիսքոնսինում, Արիզոնայում, Փենսիլվանիայում եւ այլ վայրերում։
Ազգային մասշտաբով The Hill/Decision HQ-ի հավաքած տվյալներով՝ Հարիսը Թրամփից առաջ է 3 տոկոսով՝ մոտ 50 տոկոս աջակցություն ունենալով Թրամփի 47 տոկոսի դիմաց։
Իսկ Harvard CAPS/Harris-ի նոր հարցումը ցույց է տալիս, որ ընտրարշավն ավելի լարված է դառնում, եւ Հարիսը հանրապետականի հանդեպ առավելություն ունի 1 տոկոսով՝ գրանցված ընտրողների շրջանում։
Հոկտեմբերի 11-13-ին անցկացված հարցմանը մասնակցել է 3 145 գրանցված ընտրող, այդ թվում 2 596 հավանական ընտրող եւ 898 ընտրող տատանվող նահանգներից։ Վրիպանքը ամբողջ ընտրանքի համար կազմել է +-1,8 տոկոս։
0Comments