ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ջեք Սմիթը, որին 2022 թվականի նոյեմբերին նշանակել էր գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ երկու հետաքննությունը ղեկավարելու համար, հրաժարական է տվել, ասվում է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ։
Դատական փաստաթղթերի համաձայն, Սմիթը «հունվարի 10-ին հրաժարական է տվել նախարարությունից»։
Ըստ CBS News-ի, հրաժարականի դիմումը Դաշնային դատարան է ներկայացվել Արդարադատության նախարարության պաշտոնյաների և նորընտիր նախագահի հետ կապված փաստաբանների միջև Սմիթի երկհատոր զեկույցի մեկ հատորի հրապարակման շուրջ շարունակվող վեճի ֆոնին:
Այս շաբաթվա սկզբին ներկայացված դատական հայցերը ցույց տվեցին, որ Սմիթը երկհատոր զեկույցը ներկայացրել է Գարլանդին հունվարի 7-ին՝ Թրամփի փաստաբանների կողմից զեկույցի նախագիծը ուսումնասիրելուց մի քանի օր անց: Թրամփի փաստաբանները նամակ են գրել Գարլանդին՝ խնդրելով հեռացնել Սմիթին իր պաշտոնից և կանխել զեկույցի հրապարակումը, ասվում է դատական փաստաթղթերում։
Սմիթը նշանակվել էր 2022 թվականի նոյեմբերին՝ ղեկավարելու Արդարադատության նախարարության երկու հետաքննությունը Թրամփի նկատմամբ՝ մեկը 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո նրա վարքագծի, իսկ մյուսը՝ պաշտոնը լքելուց հետո գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու համար: Երկու դեպքերն էլ հանգեցրել էին Թրամփի դեմ քրեական մեղադրանքների։
Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել։ Թրամփի դեմ Սմիթի երկու գործերը վերջնականապես կարճվել են անցյալ տարի՝ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։ Դատախազները գրել են, որ Արդարադատության նախարարության կանոններն արգելում են քրեական հետապնդումը գործող նախագահի նկատմամբ:
0Comments