Արևելքում հասկանում են միայն nւժի լեզուն, իսկ վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան

Մանրամասներ
իրան

Իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով Իրանի հարձակումն Իսրայելի վրա:

«Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։

Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։

Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար»,- գրել է նա։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

Մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակ գործողություն է իրականացրել և որ այն Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության ռմբակոծման մասշտաբով էր: 

«Մենք սահմանափակեցինք այս գործողությունը հնարավորությունների այն մասով, որն օգտագործեց սիոնիստական ռեժիմը մեր հյուպատոսության վրա հարձակվելու համար։ Այս գործողությունը սպասվածից ավելի հաջող էր: Հրթիռների խոցման մասին տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ, սակայն որոշ հարվածներ ցույց են տալիս, որ այս գործողությունը սպասվածից ավելի հաջող է անցել, և օկուպացված տարածքներում բնակվող ժողովուրդը, սիոնիստական իշխանությունները, ահաբեկչական սիոնիստական բանակը և Ամերիկան լավ ճանաչեցին և գիտակցեցին այդ հարվածների ջախջախիչ հետևանքները», - ասել է նա: