Ցանկացած ներխուժում Տավուշի մարզի բնակիչներին դարձնելու է նաեւ ռազմական թիրախներ, այստեղ կարող ենք ունենալ մարդկային էական կորուստներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Ադրբեջանական զորքերը մշտապես ունենում են այնպիսի տեղակայում, երբ վերահսկողության տակ են վերցնում կենսական նշանակության օբյեկտներ․ դրանք կարող են լինել ջրամբարներ, էլեկտրակայաններ, կամ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այս կենսական նշանակության օբյեկտները թիրախավորելով՝ պարտադրում են բնակիչներին լքել իրենց բնակավայրերը։ Այստեղ գույքային իրավունքների խնդիր էլ գոյություն ունի․ այս անձինք ունեն պաշտպանված սեփականության իրավունք, նաեւ սեփական բնակավայրում ապրելու իրավունք»,- նշեց Սահակյանը եւ հավելեց, որ այս խնդիրն առկա է նաեւ արցախցիների մասով։
Անդրադառնալով երաշխիքներին՝ Սահակյանն ասաց․ «Այս տարածքները գտնվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Մարդու իրավունքների այս խախտումները կարող են որակվել նաեւ միջազգային հանցագործություններ։ Հայաստանի Հանրապետության կողմից Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կտա արձագանքել այս խախտումներին՝ խնդիրը ներկայացնելով Միջազգային քրեական դատարանի ուշադրությանը։ Այստեղ քաղաքական տարր կա, որքանո՞վ Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելուց զատ իրական քայլեր կձեռնարի Միջազգային քրեական դատարանը այս տարածաշրջանու գործողության մեջ դնելու համար։ Միջազգային քրեական դատարանը ավելի կոշտ եւ ներազդող մեխանիզմ է՝ ի համեմատություն Միջազգային արդարադատության դատարանի այն առումով, որ այնտեղ քննարկվում է պետության պատասխանատվության խնդիր, իսկ քրեական դատարանում բարձրացվում է անհատների քրեական պատասխանատվության հարցը, որպես կանոն այդ անձինք պաշտոնյաներ են։ Եթե Հայաստանը գտնվում է ճնշման ներքո, որ հրաժարվի պետության պատասխանատվություն ենթադրող մեխանիզմներից, կարծում եմ՝ վախն այնքան մեծ է, որ նրանք Հայաստանի իշխանությունները ձեռնպահ կմնան այնպիսի իրավական գործընթացներից, որի արդյունքում Ադրբեջանի ղեկավարը կամ այլ պաշտոնյաներ հայտնվեն Միջազգային քրեական դատարանի առջեւ»։
0Comments