«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը կառավարությանը նվիրաբերելու գործարքը անժամկետ չեղարկվել է

Մանրամասներ
լիդիան

Կառավարության հունվարի 18-ի նիստում հաստատվել էր որոշման նախագիծ, համաձայն որի «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը նվիրաբերվելու էր Հայաստանին:  Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Էկոնոմիկայի նախարարությանը։ «Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկած 5000 հազար դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12, 5 տոկոսը, այսինքն՝ 12 հազար 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի»,- նիստին հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ նշելով, որ նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։

Որ հանքը շահագործվելու է, անցած տարի փետրվարին հայտնի դարձավ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը, Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը համատեղ հուշագիր ստորագրեցին՝ համաձայնելով հստակ քայլեր ձեռնարկել Ամուլսարի ծրագրի վերսկսման և իրականացման ուղղությամբ:

Գործարքը պետք է կնքվեր այսօր՝ վաղ առավոտյան, սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով այն անժամկետ չեղարկվել է: Գործարքի չեղարկման պատճառների մասին կփորձենք մեկնաբանություն ստանալ էկոնոմիկայի նախարարությունից: