Կանադայում իշխող ուժի նոր լիդերը կդառնա վարչապետ

Մանրամասներ
կանադա

Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, գրում է BBC-ն։

Քարնին կուսակցության ղեկավարության միակ թեկնածուն էր, որը Թրյուդոյի կառավարության մաս չէր կազմում: Քվեարկության արդյունքներով՝ նա ստացել է 85,9 տոկոս քվե։

Այս տարվա համընդհանուր ընտրություններում ընդդիմության հետ կոշտ պայքարին զուգահեռ՝ նոր վարչապետին սպասվում են նաև կոշտ բանակցություններ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ՝ Դոնալդ Թրամփի տարածքային պահանջների ֆոնին:

Իր հետհաղթական ելույթում Քարնին մեղադրել է Թրամփին Կանադային տիրանալու ձգտման մեջ: Այս փորձը, նրա խոսքով, պետք է հետ մղվի։

«Ամերիկացիներին պետք են մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր հողը, մեր երկիրը։ Եթե հաջողվեր, կկործանեին մեր կյանքը»,- ասել է նա։ 

«Ամերիկան ​​Կանադա չէ։ Կանադան երբեք Ամերիկայի մաս չի լինի որևէ ձևով, որևէ պարագայում», - հավելել է Քարնին: