Երկրի առաջին դեմքի մակարդակով հայ հանրությունն ահաբեկվում է, բավարարվում է թուրք-ադրբեջանական օրակարգը, հետևապես, Տավուշի մարզում կատարվողն իրականում ոչ թե սահմանազատման և սահմանագծման գործընթաց է, որի փաստական հիմքերը՝ քարտեզները, սկզբունքները, չկան, այլ՝ ընդամենը թշնամու պահանջի բավարարում է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանը ներկայացնողի կողմից առաջարկվող Տավուշի մարզից թշնամուն տարածքներ հանձնելու օրակարգին, նման տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ ընդգծելով.
«Սա պարտության անիվի հերթական ընթացքն է։ Տավուշի մարզը չի լինելու վերջակետը, հաջորդը՝ տարածքներ են հանձնելու Գեղարքունիքի մարզից։ Հայաստանի իշխանությունը ոչ թե բանակցում է, այլ զբաղված է հակառակորդի շահերը բավարարելով»,-ասաց Մխիթարյանն՝ ընդգծելով՝ բացի թուրք-ադրբեջանական շահերը բավարարելուց, Փաշինյանը բավարարում է նաև Արևմուտքի պահանջները, որոնց համար կարևորը հայ-ադրբեջանական կարգավորված հարաբերությունն է, որ կնքվի որևէ պայմանագիր՝ անկախ, թե ում հաշվին արված զիջումների գնով. Արևմուտքի համար կարևորը ռուսական ազդեցության թուլացումն է։
«Արևմուտքն ուզում է, որ հայ-թուրքական խնդիրը կարգավորվի, որից հետո հարցականի տակ է դրվելու 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցը։ Սա Արևմուտքի ծրագիրն է, որն էլ Փաշինյանն իրականացնում է»,- ասաց Մխիթարյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս քայլերի՝ ռուսական կողմում առայժմ սպասողական վիճակ է, արդեն ՀՀ իշխանության քայլերն ուղղակիորեն կապում են իրենց դեմ ուղղված գործողությունների հետ, բայց դեռ քայլերի չեն դիմում։
«Ռուսները խնդիրներ են տեսնում. երբ փորձեն հատել իրենց կարմիր գիծը, Ռուսաստանը կարձագանքի, բայց խնդիրն այն է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության համար կարմիր գիծն ու մեզ համար կարմիր գիծը տարբեր բաներ են, թե նրանց կարմիր գիծը Հայաստանի ո՞ր տարածքով կանցնի, դա հարցական է»,- ասաց Հերմինե Մխիթարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments