Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք պատճառ է առաջ քաշում, որպեսզի նոր Սահմանադրություն ընդունվի, երեքն էլ չունեն ոչ մի հիմնավորում ու գալիս են ապացուցելու, որ նա այս քայլին գնում է բացառապես իր անձի համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։
Այսպես, ըստ Աբրահամյանի, Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր ինքը հիմա գնում է նման քայլի, քանի որ 1995 թ-ին ընդունված Սահմանադրությունը ու դրանն հաջորդած փոփոխությունները լեգիտիմ չեն, ոչ մի քննադատության չի դիմանում։ «1995-ին ընդունվել է Սահմանադրություն, որի նախագծի վրա աշխատել են օրվա գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ընդունվելուց հետո դատարան հայց չի ներկայացվել, ուստի ասել, թե այն լեգիտիմ չէ, առնվազն կեղծիք է», - նկատել է նա։
Գալով Փաշինյանի երկրորդ փաստարկին, թե մենք պետք է այժմ ավելի կանխատեսելի լինենք աշխարհի համար, Աբրահամյանը նկատում է, թե Սահմանադրությունը ներքին օգտագործման փաստաթուղթ է, որը ոչ մի կապ չունի աշխարհի ու փոփոխվող աշխարհակարգի հետ։
Խոսելով ՀՀ վարչապետի հիմնական փաստարկի մասին, թե նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա փորձել խուսափել պատերազմից, ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ նոր պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը երկրի անվտանգությունը բարձրացնելն է, որի առաջին քայլերից մեկը պետք է լինի ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը, այլ ոչ թե նոր Սահմանադրության ընդունումը։
0Comments