ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն՝ նշելով, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է:
«Իհարկե, Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ եւ դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք: Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որեւէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից: Ես շատ կարճ պազաբանում էի տվել, որից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկավ եւ մենք ստիպված էինք արձագանքել», - նշեց ԱԱԾ տնօրենը։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար. «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձեւակերպված, որի համար պարզաբանում եմ տվել: Այսինքն ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ: Ընդհանրապես, անմեղության կանխավարկած խախտվելու բան չկա. Քննչական դեպարտամենտի կողմից ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել քրգործ ու մեղադրանք առաջադրել», - ասաց նա։
Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ դրա մեջ մտնում են Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները», - ասաց նա՝ ավելացնելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունի։
«Քոչարյանների ընտանիքը որեւէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված այդքան խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», - ասաց ԱԱԾ տնօրենը։
0Comments