Ռուսաստանն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովին. Կոպիրկին

Մանրամասներ
նիկոլ պուտին մոսկվա

Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, որը ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և փոխադարձ այցելություններ։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը և, բնականաբար, ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով, միջպետական հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է  բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։ Նա հավելել է, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։

«Ես հիմա ամեն ինչ չթվարկեմ, մենք աշխատում ենք այդ հարցի վրա, իհարկե, նման փոխանակումներ, այդ թվում՝ բարձր, ամենամակարդակով այցելություններ օրակարգում են»,- նշել է դեսպանը։