Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին կազմել է 5.2%. Բաբկեն Թունյան

Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%.

«Տնտեսական աճին ամենից մեծ չափով՝ 5.1 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 0.7 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.1 տոկոսային կետի չափով, իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել 1.3 տոկոսային կետի չափով։

ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018 թվականին կազմել է 6 տրիլիոն դրամ։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (շուկայական գներով) 2018 թվականին կազմել է 2 021 808 դրամ կամ 4 186 դոլար։

Եռամսյակների դիտարկումը (յուրաքանչյուր եռամսյակը՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ) ցույց է տալիս, որ 3-րդ եռամսյակում կտրուկ դանդաղումից հետո տնտեսական աճի տեմպը 4-րդ եռամսյակում արագացել է մինչև 3.4%։

2018թ. 1-ին եռամսյակ՝ 9.9%

2018թ. 2-րդ եռամսյակ՝ 7.4%

2018թ. 3-րդ եռամսյակ՝ 2.5%

2018թ. 4-րդ եռամսյակ՝ 3.4%»,-գրել է նա: