Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու և Գազայի հատվածում պաղեստինցիների տառապանքներին վերջ տալու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այսօր մենք լավ ենք հասկանում, որ միջազգային կազմակերպությունները, որոնք պատասխանատու են գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման համար, խնդիրներ լուծելու հնարավորություն չունեն։ Ցավոք, Գազայի հատվածում տևական խաղաղության հաստատման գործընթացում կորցրած յուրաքանչյուր օրվա համար վճարում են անմեղ պաղեստինցիները, այլ ոչ թե Արևմուտքի բնակիչները, որոնք կրակի վրա յուղ են լցնում»,- ընդգծել է թուրք առաջնորդը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պաղեստինի էքսկլավում ավելի քան երկու ամիս շարունակվող մարտերի ընթացքում զոհվել են ԶԼՄ-ների ավելի քան 70 ներկայացուցիչներ․ «Որտե՞ղ է միջազգային հանրությունը, միջազգային հայտնի լրատվամիջոցներն ինչո՞ւ են լռում»,- հարցրել է Էրդողանը։
Իսրայելը, շարունակել է թուրք առաջնորդը, չի կարող կոտրել Գազայի բնակիչների՝ դիմադրելու վճռականությունը, չնայած իր ողջ բարբարոսությանը, նա պարտվում է նաև լրատվամիջոցների քարոզչական պատերազմում։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կարողանա խուսափել պաղեստինյան էքսկլավում կատարված հանցագործությունների համար պատժից։
«Ես վստահ եմ, որ ինչպես Միլոշևիչը դատվեց և մեղավոր ճանաչվեց, Նեթանյահուն և նրա կամակատարները կկանգնեն դատարանի առաջ և ի վերջո կդատապարտվեն։ Նեթանյահուն և նրա կողմնակիցներն ահաբեկիչներ են և անպայման կներկայանան Հաագայի դատարան։ Եթե մենք չկարողանանք կանխել իսրայելական դաժանությունը, աշխարհում ոչ ոք իրեն ապահով չի զգա: Մի օր կբացվի Պանդորայի արկղը»,- ասել է թուրքական պետության ղեկավարը։
0Comments