Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտի հետ կապված ոչ մի համաձայնագիր էլ չի կնքի

Մանրամասներ
ռուսաստան

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ «Соловьев Live»-ի եթերում մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների առաջարկը, այն է՝ ստորագրել միջպետական ​​համաձայնագիր, որը կշրջանցի Հռոմի ստատուտի պահանջները։

«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք»,- ասել է նա՝ հավելելով․

«Եվ եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիության մեջ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»։