«Ամերիկացիների վրա հույս մի դրեք, նրանք ձեզ չեն պաշտպանի»

Ասադը դիմել է քրդերին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական ուժերին նախազգուշացրել է Թուրքիայի հավանական հարձակման դեպքում  ԱՄՆ-ի կողմից աջակցության հույս չունենալ:

«Նրանք ձեզ չեն պաշտպանի»,-հայտարարել է Ասադը՝ դիմելով, մասնավորապես, քրդերի առաջնորդած «Սիրիական ժողովրդավար ուժեր»-ի գրոհայիններին, որոնք վայելում են Վաշինգտտոնի աջակցությունն ու տեղակայված են Սիրիայի արևելյան հատվածում:

Քրդերը մտավախություն ունեն, որ երբ ամերիկյան զորքերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն հեռանան Սիրիայից, Թուրքիան կհարձակվի իրենց վրա:

Սիրիական պետության ղեկավարը Դամասկոսում ելույթի ժամանակ նշել է, որ ամերիկյան զորքի հեռանալուց հետո սիրիական բանակը կվերադառնա այդ տարածք:

«Այն խմբերին, որոնք հույսը դրել են ամերիկացիների վրա, պետք է ասենք, որ ամերիկացիները ձեզ չեն պաշտպանելու: Նրանք ձեզ պահելու են իրենց գրպանում ու օգտագործելու են որպես «բանակցային» գործիք»,-ասել է Ասադը:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ երկրի ամեն մի թիզն ազատագրվելու է:

«Սիրիան իր զավակների կարիքն ունի, և մենք կոչ ենք անում բոլոր փախստականներին մասնակցել երկրի վերակառուցման գործին»,-եզրափակել է Ասադը:

Նյութի աղբյուր՝ tert.am