Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է

Խորհրդարանական կառավարումը չհամտեսած նորից հետ գանք կիսանախագահականի

«Մենք չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տռոլինգի, ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում նաև սպառնալիքների»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝  նիստից հետո կրկին կուսակցությունը լուրջ ատելության խոսքի հարձակման տակ է. «Որոշակի մեդիա մանիպուլյացիաների և կեղծ լուրերի տարածման հարձակման տակ է, ցավով պետք է նշեմ, որ այստեղ նաև իշխանական լրատվամիջոցները մեծ դերակատարում ունեն։ Մեզ նախկինում որևէ բան չի կանգնացրել և չի կանգնացնելու հիմա, մենք զուսպ, հանգսիտ, հանդարտ, հետևողական, հավատալով մեր գաղափարներին, սկզբունքներին շարունակելու ենք աշխատել»։

Մարուքյանը հայտնեց, որ մոտ օրերս իրենց խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարփոխումների մի փաթեթ, որը հնարավոր է անել պառլամենտական մակարդակում։

«Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ փաթեթը պատրաստվել է դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ՝ իմ կողմից, բայց ժամանակ չեղավ ներկայացնելու։ Խոսքը խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է»,- նշեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ՝  կիսանախագահական կառավարման համակարգի վերադառնալուն, պատգամավորն ասաց. «Խորհրդարանական կառավարումը չհամտեսած նորից հետ գանք կիսանախագահականի, կարծում եմ՝ հետընթաց է: Մենք պետք է առաջ գնանք: Այն խեղաթյուրված համակարգը, որ դրել են՝ սուպերվարչապետականը, դրանից պետք է ազատվել ու առաջ գնալ դեպի խորհրդարանական երկիր»։


 

Աղբյուր` Panorama.am