Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլիին

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, այս մասին պարզ է դառնում խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։

Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։

«Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության: Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը «կառավարության համաձայնությամբ իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ»։ Զուրաբիշվիլին, մասնավորապես, հանդիպել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ։