Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառն ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն է. այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն է իրականացրել՝ հարձակվել է Ղրիմի կամրջի վրա։ Կիևը չէր կարող չիմանալ, որ կամրջի ավտոմոբիլային հատվածը բացառապես քաղաքացիական օբյեկտ է», - գրել է Կոնստանտինովը թելեգրամյան ալիքում:
Կոնստանտինովը պարզաբանել է, որ կամրջի երկաթուղին չի վնասվել, Ղրիմը Ռուսաստանի հետ կապված է հյուսիսային միջանցքով, կա նաև լաստանավային ծառայության հնարավորություն, ուստի Ղրիմը մեկուսացված չէ։
Մինչդեռ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները ՌԲԿ «Ուկրաինա»-ին հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր։
«Կամուրջը հարձակման է ենթարկվել անօդաչուների օգնությամբ, կամուրջին հասնելը դժվար է եղել, բայց ի վերջո դա հաջողվել է»,- ասել է աղբյուրը։
Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա միջադեպը՝ մեջբերելով հետախուզության պետ Կիրիլ Բուդանովի խոսքերը, որ «այս կառույցն ավելորդ է»։
Ուկրաինայի Հարավային պաշտպանական ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը կարող է ռուսական սցենար լինել, գրում է korrespondent.net-ը:
Երկուշաբթի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա արտակարգ միջադեպի մասին։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ՝ Բելգորոդի շրջանի բնակիչներ։ Ակսյոնովը հորդորել է զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։
0Comments