15 000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. Հայկ Կոստանյան

Մանրամասներ
տրանսպորտ ավտոբուս

«Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա։ Տուգանքների կիրառումը կիրականացվի, երբ ԱԺ–ի կողմից հավանության կարժանանա»: Այս մասին այսօր՝ մարտի 14–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն է իր մեջ ունենալու, մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,–ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով, տուգանքների կիրառման ժամկետները դեռ հստակ չեն։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:

Նախաձեռնության համաձայն,  ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:

«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»,–նշեց նա։

Հայկ Կոստանյանի խոսքով, մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ, որից 210.000-ից ավելին եղել են փաթեթային տոմսեր, որի 71%-ը հիմնական փաթեթներն են, իսկ 29%-ը արտոնություններն են»: