Եվգենի Պրիգոժինին նկատել են Մինսկում

Մանրամասներ

Մինսկի «Green City» հյուրանոցը, որտեղ, ըստ տեղեկությունների, տեսել են Wagner PMC-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին, չի կարողացել հաստատել, որ նա իրենց մոտ է, հայտնում են mamul.am-ը և RTVI-ն։

Ալիքի տվյալներով՝ հյուրանոցի ադմինիստրացիան չի հաստատել, որ Պրիգոժինն իրենց մոտ է՝ պատճառ բերելով հյուրերի անձի գաղտնիության կանոնը։

Ավելի վաղ մի շարք թելեգրամ-ալիքներ հայտնել էին, որ «Վագներ»-ի ղեկավարին տեսել են Մինսկում՝ Green City հյուրանոցի մոտ։

Մինչ այս, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել էր, որ Պրիգոժինը «կմեկնի Բելառուս»։ Նրա խոսքով, Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու փաստով հարուցված քրեական գործը կկարճվի։

Պրիգոժինը հայտարարել է Դոնի Ռոստովից հեռանալու որոշման մասին այն բանից հետո, երբ նրա հետ բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պեսկովի խոսքով՝ Բելառուսի ղեկավարը նրան ճանաչում է 20 տարի և ինքն է առաջարկել իր թեկնածությունը՝ որպես բանակցողի։

Դրանից հետո Պրիգոժինը լքել է Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբի շենքը, որտեղ եղել է իր կազմակերպության մարտիկների հետ։