Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս, անդրադառնալով կապի ապաշրջափակման թեմային, ասաց, որ սահմանային ծառայությունների նկատմամբ ողջ վերահսկողությունը պետք է իրականացնի միայն հայկական կողմը, նրա ծառայությունները։
Նա հայտարարեց նաև, որ Հայաստանի վրա երկար ժամանակ ճնշում է գործադրվում՝ ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքներից դուրս լուծում գտնելու համար, ինչին Երևանը չի համաձայնի։
Ռուսաստանցի քաղաքագետ Արտուր Աթաևի կարծիքով՝ հայկական կողմի նման հայտարարությունը չի կարող ընկալվել որպես հակառուսական, քանի որ կա պետության քաղաքականություն և այն ինքնիշխան է։
«Հիմա հետխորհրդային տարածքում այնպիսի հարաբերություններ են կառուցվում, որոնցում Ռուսաստանն ունի իր ազգային շահերը, Ղազախստանը՝ իր, Հայաստանը՝ իր, և դրանք վեր են եվրասիական շահերից։ Եթե այդ շահերը չեն երանգավորվում եվրասիական վեկտորով, ապա դրանք կուղղվեն։ Եթե դաշնակիցների հետ հարաբերությունները չեն ընկալվում որպես անվտանգության երաշխիք, ապա, իհարկե, դա կուղղվի։ Բայց ոչ ոք այս հայտարարությունը հակառուսական չի ընկալի»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը։
Նա հավելեց, որ մինչ այժմ խոսքերից զատ, գործողություններ չեն նկատվել։
«Բայց վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակն ու որակը նկատելիորեն անկում են ապրում և չեն ընկալվում որպես լիարժեք դաշնակցային հարաբերություններ։ Պետք է ուղիղ դրա մասին խոսել:
ՀՀ վարչապետ Փաշինյանի վարած նոր քաղաքականության համատեքստում, այն է՝ Հայաստանը էմբարգոյից ապաշրջափակելու փորձի համատեքստում, տնտեսական պատժամիջոցների և Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ճնշումների համատեքստում, հնարավոր է ավելի համակարգված աշխատանք դեպի բազմավեկտոր, բազմակողմ արտաքին քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ։ Սա, իհարկե, վերաբերում է նաև անվտանգությանը։ Սրան է ամեն ինչ տանում: Բազմաթիվ հայտարարություններ կան, որոնք խոսում են այն մասին, որ հայկական կողմի հույսերը չարդարացան»,- նկատեց քաղաքագետը։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաեւ, որ փլուզվել են այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը։
Ռազմաքաղաքական ձախողումն Աթաեւը առաջին հերթին Երեւանի թերությունն է համարում։
«Ռուսաստանը չպետք է և չի ցանկանում օպերատիվ ղեկավարել մեկ այլ պետության ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ սոցիալ-տնտեսական համակարգում։ Սա առաջին հերթին Հայաստանի զինվորականների ու քաղաքական գործիչների լուրջ թերացումն է»,- ընդգծեց նա։
0Comments