ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որը լիակատար արգելք է սահմանում վիրահատական սեռափոխության վերաբերյալ։ Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Առողջության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքներում։
Ինչպես հաղորդում է Պետդումայի թելեգրամյան ալիքը, օրինագծի հեղինակներն են մոտ 400 պատգամավոր։ Օրինագծի համաձայն՝ տրանսգենդերային անցման շրջանակներում վիրահատությունները թույլատրվելու են միայն «երեխաների մոտ սեռի ձևավորման բնածին ֆիզիոլոգիական անոմալիաների բուժման համար»։ Դրա համար կպահանջվի պետական առողջապահական հիմնարկի բժշկական հանձնաժողովի համապատասխան որոշումը։
Օրինագծով առաջարկվում է նաև արգելել պաշտոնական փաստաթղթերում գենդերային նշանի փոփոխությունը։ Այժմ դա հնարավոր է բժշկական կազմակերպության կողմից տրված սեռափոխության մասին փաստաթուղթ տրամադրելիս։
Բացատրական գրության մեջ ասվում է, որ 2016-ից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում անձնագրերը սեռափոխության հիման վրա փոխարինելու համար դիմել է 2990 մարդ։
Օրինագծի հեղինակները պնդում են նաև, որ տրանսսեքսուալության և սեռափոխության վկայական կարելի է ստանալ «առանց որևէ խոչընդոտի» Ռուսաստանի բազմաթիվ մասնավոր կլինիկաներում։
«Ինչո՞ւ է դա արվում: Մենք Ռուսաստանը սերունդների համար պահպանում ենք իր մշակութային և ընտանեկան արժեքներով, ավանդական հիմքերով, արգելք դնելով արևմտյան հակաընտանեկան գաղափարախոսության ներթափանցմանը»,- ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Պետր Տոլստոյը։
0Comments