Պեկինը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում խուսափել էսկալացիայի հանգեցնող գործողություններից

Մանրամասներ

ՉԺՀ ԱԳՆ-ն Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման մասին տեղեկությունից հետո Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք կհանգեցնեն հետագա էսկալացիայի: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է RTHK-ն։

Նա նշել է, որ Պեկինի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետեւողական է եւ հստակ, եւ բոլոր կողմերը պետք է խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում տեղի ունեցածի միջադեպը կազդի Չինաստանի հատուկ ներկայացուցչի՝ Ուկրաինա այցի վրա, Նինը նշել է, որ Չինաստանի իշխանություններն այդ մասին ինֆորմացիա կհրապարակեն, երբ դրա ժամանակը գա։

«Չինական կողմը կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի կառուցողական դեր ունենա ուկրաինական ճգնաժամի  քաղաքական լուծման համար»,-հավելել է նա։