ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «խիստ զայրացած է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի օրինականությունը կասկածի տակ դնող արտահայտությունների պատճառով։
Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «Պուտինը ճիշտ տեղ չի գնում»։
«Եթե ես և Ռուսաստանը չկարողանանք համաձայնության հասնել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ, և եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ինչը կարող է այդպես չլինել, բայց եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ապա ես երկրորդային մաքսատուրքեր կսահմանեմ նավթի, Ռուսաստանից դուրս եկող ամբողջ նավթի վրա», – ասել է Թրամփը NBC News-ին՝ հավելելով, որ ամբողջ նավթի համար կսահմանվեն 25 տոկոս մաքսատուրքեր։
Թրամփը նաև նշել է, որ Պուտինը գիտի իր՝ բարկացած լինելու մասին, սակայն ունի «շատ լավ հարաբերություններ նրա հետ», և որ այդ «զայրույթը կցրվի, եթե նա (Պուտինը) ճիշտ վարվի»։
Այնուհետև մարտի 30-ին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփվելիս Թրամփը նորից կրկնել է, որ «հիասթափված է» Զելենսկիի օրինականության մասին վերջին օրերին Պուտինի արած արտահայտությունների պատճառով։«Նա (Պուտինը) պետք է համաձայնագիր կնքի նրա (Զելենսկիի) հետ՝ դուր գա նա իրեն, թե դուր չգա», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի համար սահմանվել է «հոգեբանական վերջնաժամկետ» Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ համաձայնության գալու համար:
«Դա հոգեբանական վերջնաժամկետ է: Եթե ես կարծեմ, որ նրանք ձգձգում են, ուրախ չեմ լինի դրա համար», – ասել է Թրամփը։ՌԴ նախագահը մարտի 28-ին առաջարկել էր ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների ու ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։
Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։
0Comments