ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ՀՀ քաղաքացիներին. Մի՛ վտանգեք ձեր ապագան

Մանրամասներ
ամն դեսպանատուն

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որումա ասված է․

Ամերիկան ապահով, անվտանգ ու բարգավաճ դարձնելու նպատակով նախագահ Թրամփը ապահովում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության հետևողական իրականացումը։ ԱՄՆ ապօրինի մուտք գործելու փորձը, վիզա ստանալիս սուտ ասելը, առանց թույլտվության աշխատելը, վիզայով կամ արտոնության շրջանակում սահմանված ժամկետից երկար մնալը կարող են հանգեցնել լուրջ պատիժների, մասնավորապես՝ ազատազրկման, արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։

Եթե ունեք ազգականներ կամ ընկերներ, որոնք այս պահին ոչ օրինական հիմունքներով գտնվում են ԱՄՆ-ում, ապա հայտնեք նրանց, որ տուն գալու ժամանակն է։

ԱՄՆ ապօրինի մուտք գործելու փորձը կամ ԱՄՆ-ում ապօրինի գտնվելը չի վրիպի պատկան մարմինների ուշադրությունից

Ոմանք կարծում են, որ կարող են գաղտնի սողոսկել Միացյալ Նահանգներ և չբացահայտվել։ Դա թյուր կարծիք է։ Թրամփի վարչակազմը խստացրել է  սահմանների անվտանգությունը։ Նշանակալիորեն ավելացել են նաև ոչ օրինական հիմունքներով ԱՄՆ-ում գտնվող օտարեկրացիներին ձերբակալելու ու երկրից արտաքսելու դեպքերը։

2025թ․ փետրվարին սահմանի ապօրինի հատումները 2024թ․ փետրվարի համեմատ կրճատվել են 94%-ով, իսկ ԱՄՆ սահմանն ապօրինի հատողների ձերբակալություններն աճել են 627%-ով։ Եթե փորձեք ապօրինի հատել ԱՄՆ սահմանը կամ ոչ օրինական հիմունքներով մնալ ԱՄՆ-ում, ապա դուք կբացահայտվեք, կկալանավորվեք և կարտաքսվեք երկրից։ Հնարավոր է, որ ձեր նկատմամբ սահմանվի ԱՄՆ մուտքի արգելք հետագա ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև ենթարկվեք տույժերի կամ քրեական պատասխանատվության։

ԱՄՆ վիզային առնչվող խարդախությունները լուրջ հետևանքներ են ունենում

ԱՄՆ վիզայի տրամադրման գործընթացը մանրակրկիտ մշակված է անվտանգության ու ապահովության բոլոր նկատառումներով։ Այնուհանդերձ, ոմանք միամտաբար կամ թյուրիմացաբար կարծում են, որ կարող են կեղծ փաստաթղթեր ներկայացնել, հարցազրույցի ժամանակ սուտ ասել կամ վիզայի ժամկետից երկար մնալ ու մանլ չբացահայտված։ Նշված բոլոր դեպքերը վիզայի հետ կապված խարդախության օրինակներ են, իսկ խարդախությունը լուրջ հանցանք է։ Եթե դուք օրենքը խախտում եք այս կերպ, դա չի կարող անպատիժ մնալ։  Այս քայլերի հետևանքով կարող եք առհասարակ զրկվել երբևէ ԱՄՆ գալու հնարավորությունից։

ԱՄՆ սահմանը հատելու փորձերը հղի են վտանգներով

Նրանք, ովքեր մտածում են ԱՄՆ սահմանն ապօրինի հատելով մուտք գործել Միացյալ Նահանգներ պետք է հստակ պատկերացնեն, որ դա լուրջ վտանգ է իրենց ֆիզիկական անվտանգության և կյանքի համար։ Ապօրինի միգրատները հանցավոր խմբերի ու խմբավորումների, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների անմիջական թիրախում են գտնվում և կարող են դառնալ բռնության, շորթման և հարձակման զոհ։ Այս ուղին ընտրողներից շատերը երբեք չեն հասնում վերջնակետին։

Միացյալ Նահանգներն աշխատում է Արևմտյան կիսագնդի այլ երկրների հետ, որպեսզի սահմանն ապօրինի հատելու փորձ կատարողները դեռ ԱՄՆ սահմանին չհասած կանգնեցվեն ու ետ ուղարկվեն։ Ապահովելով մեր սահմանների անվտանգությունը՝ մենք ոչ  միայն պաշտպանում ենք ԱՄՆ քաղաքացիներին, այլ նաև կանխում ենք ապօրինի միգրացիայից բխող ցավն ու տառապանքը։

Նախագահ Թրամփը պատասխանատվության է ենթարկում բոլորին

ԱՄՆ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում ընդդեմ այն անձանց, որոնք օգնում են մյուսներին ապօրինի ճանապարհով մուտք գործել երկիր։ Խոսքն այստեղ մարդկանց ապօրինի փոխադրումներ, մարդկանց թրաֆիքինգ իրականացնող անձանց և անգամ այն օտարերկրյա  պետական ծառայողների մասին է, որոնք թույլ են տալիս ապօրինի ներգաղթի շարունակումը։

Օրերս պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց օտարերկրյա պաշտոնյաների համար վիզաներին առնչվող նոր սահմանափակումների, մասնավորապես՝ ապօրինի ներգաղթին վերջ տալու հարցում աջակցություն հանդես չբերած ներգաղթային, մաքսային և նավահանգստային ծառայողների վիզաների սահմանափակման մասին։ Սա ի լրումն այն սահմանափակումների, որոնք արդեն գործում էին ուղևորափոխադրումների և զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում։ Նրանք, ովքեր նպաստում են ապօրինի ներգաղթին և սպառնալիք են ստեղծում ԱՄՆ անվտանգության համար, մեր երկրում անցանկալի են։

Ընտրությունը մեկն է առաջնորդվել օրենքով

ԱՄՆ ապօրինի ներգաղթի հետ կապված ռիսկերն անհամեմատ ավելի շատ են, քան հնարավոր օգուտները։ Դուք կարող եք կյանքից զրկվել, հանցավորության  զոհ դառնալ և ի վերջո ձեր արարքների պատճառով վնաս հասցնեք ոչ միայն ձեր, այլ ձեր ընտանիքի ապագային։

Ապօրինի սահմանահատումը ոչ միայն ԱՄՆ օրենքների խախտում է, այլ նաև վտանգ ու սպառնալիք ձեր անվտանգության ու բարօրության համար։ Նախատեսված են լուրջ պատժամիջոցներ՝ ազատազրկում, բաժանում ընտանիքից և ԱՄՆ մուտքի մշտական արգելք։ Եթե գիտեք որևէ մեկին, որը ոչ օրինական հիմունքներով գտնվում է ԱՄՆ-ում այս պահին, ապա հորդորեք վերադառնալ, քանի դեռ չեն բացահայտվել։ Դա լավագույնն է, որ կարող եք անել։

Ուղերձը բոլորի համար պարզ է ու հստակ․ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին, մի՛ վտանգեք ձեր ապահով կյանքը, ձեր ընտանիքն ու ձեր ապագան։