Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Բալիում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում՝ Չինաստանի և Կանադայի ղեկավարների խոսակցության ժամանակ:
Դրանում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ջասթին Տրյուդոյին հանդիմանում է՝ ասելով, որ «այն ամենն, ինչն իրենք ավելի վաղ քննարկել էին, արտահոսել է, ինչը պատշաճ չէ»:
Պարբերականը նկատում է, որ Սին ակնհայտորեն հիասթափված էր, երբ Տրյուդոյին ասում էր իրենց միջև ավելի վաղ կայացած հանդիպման մանրամասների՝ կանադական կառավարության աղբյուրների կողմից մամուլ արտահոսելու մասին:
Սակայն Սին փորձել է քողարկել իր զայրույթը ժպիտով, մինչդեռ Տրյուդոն, ինչպես երևում է տեսանյութից, անհարմար իրավիճակում է: Նա լուռ լսել է իրեն ուղղված խոսքերը, պարզապես գլխով է արել, երբ Սին շարունակել էր խոսքը թարգմանչի միջոցով:
Տրյուդոն, իմանալով, որ Սիի հետ իր հանդիպման մանրամասները արտահոսել են կանադական կառավարության աղբյուրների միջոցով, չի անդրադարձել Չինաստանի ղեկավարի մտահոգություններին և փոխարենը միայն ասել է.«Դե, Կանադայում մենք հավատում ենք ազատ, բաց և անկեղծ երկխոսությանը, որը մենք կշարունակենք ունենալ»:
Պարբերականը հավելում է, որ մինչ Տրյուդոն խոսում էր, Սին հիասթափված տեսք ուներ և ձեռնպահ է մնացել Կանադայի վարչապետի հետ տեսողական կապ հաստատելուց:
Այնուհետև Սին լայն ժպտացել է և ձեռքը մեկնել և սեղմել Տրյուդոյի ձեռքը՝ վերջ դնելով լարված շփմանը:
0Comments