ՀՀ ոստիկանության համար հատկապես 2023 թվականը թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ Երևանի ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիայի մասին, որի առնչությամբ ոմանք պատմել են իրենց նկատմամբ ենթադրյալ բռնությունների մասին:
«2023 թվականը հատկապես ՀՀ ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից: Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է թմրամիջոցների շրջանառության ռիսկը։ Արդեն իսկ որոշակի դրվագներ ունենք տարբեր ակումբերի շրջանակներում»,- ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ոստիկանության կողմից բռնություն է կիրառվել՝ փոխնախարար վստահեցրեց, որ եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն, ապա դա անպայմանորեն վրա կհասնի։
Նա վստահեցրեց՝ եթե լինեն ծառայողական քննության հիմքեր, դա անպայման կիրականացվի:
0Comments