Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայի որոշմամբ կրճատված 12,000 աշխատակիցների թվում եղել են մարդիկ, որոնք տարեկան մոտ 1 մլն դոլար աշխատավարձ են ստացել, այս մասին հայտնում է The Information-ը՝ վկայակոչելով տեխնոլոգիական կորպորացիայի աղբյուրներին։
«Իրենց աշխատանքը կորցրածներից ոմանք ունեին կատարողականի բարձր ցուցանիշներ կամ բարձր պաշտոններ էին զբաղեցնում՝ տարեկան 500,000-ից մինչև 1 միլիոն դոլար աշխատավարձով»,- ասել են Google-ի մենեջերները, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները։
Նրանք նաև նշել են, որ կրճատումները վերաբերում են կորպորացիայի գրեթե բոլոր ընկերություններին և ստորաբաժանումներին՝ սկսած Google Cloud-ից և Chrome-ից մինչև Android և որոնողական համակարգի հետ կապված թիմեր։
2022 թ․ հունվարին հաղորդվել էր, որ Google-ի չորս ղեկավարների աշխատավարձը բարձրացվել է մինչև 1 միլիոն դոլար։ Բացի դրանից, նրանք նաև բաժնետոմսերից լրացուցիչ օպցիոններ էին ստանում:
Ըստ The Information-ի՝ Google-ում HR մասնագետներին խորհուրդ են տվել կրճատումների ժամանակ նկատի ունենալ նաև այն աշխատակիցներին, որոնք ընկերությունում աշխատել են ոչ ավելի, քան երեք ամիս:
Google-ի ղեկավար Սունդար Պիչայն ավելի վաղ հայտարարել էր, որ ստիպված են աշխատանքից հեռացնել միանգամից մոտ 12,000 աշխատակցի, ինչը ընկերության ընդհանուր աշխատուժի 6%-ն է։ Պիչայը նաև ասել է, որ դա դժվար որոշում է, որն ընդունում են «հանուն ընկերության ապագան կերտելու»։
Google-ը ՏՏ ոլորտի միակ ընկերությունը չէ, որ զանգվածային կրճատումներ է անում։ Օրեր առաջ Microsoft ընկերությունը ևս հայտարարել էր, որ առաջիկայում զանգվածային կրճատումներ է նախատեսում։ Reuters-ի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 6000 աշխատակցի մասին է, իսկ ըստ Sky News-ի՝ Microsoft-ը կկրճատի իր աշխատուժի մոտ 5%-ը կամ մոտ 11,000 աշխատակից:
Կրճատումների են տեղի ունենում նաև բազմաթիվ խոշոր ընկերություններում, այդ թվում՝ Meta-ում, Oracle-ում, Tesla-ում, Amazon-ում, Vimeo-ում, Twitter-ում և նույնիսկ McDonald's-ում։
0Comments